Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր' Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Սուրբ Հովսեփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրոնական արարողությունը գլխավորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը, արարողությանը ներկա են գտնվել Ղամիշլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տեր Լևոն աբեղա Եղիայանը և քույր համայնքների կրոնական առաջնորդներ:
Հարյուրավոր սգավորների ներկայությամբ տեղի ունեցած կրոնական արարողության ընթացքում հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետը զոհված քահանային համարել է համայն քրիստոնեության և սիրիական հայրենիքի նահատակ: Ահաբեկչության զոհ դարձած Տեր Հովսեփ քահանայի մարմինն, ավանդույթի համաձայն, թաղվել է եկեղեցու խորանի ներքևում գտնվող հատուկ դարակի մեջ, իսկ նրա հոր մարմինը հողին է հանձնվել Ղամիշլիի գերեզմանատանը:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ղամիշլիում սպանված Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը ունի մեկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրությունն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Հովսեփի երիտասարդական միությունը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միությունների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միությունների աշխատանքը: «Տ. Հովսեփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկե համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխույժ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար»,-նշված է պաշտոնական կայքում: