Իտալիայում 98 տարեկանում մահացել է այդ երկրում բնակվող Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, Սարգիս Մուշեղյանը ծնվել էր 1916 թվականի նոյեմբերի 4-ին և չորս տարեկանում որդեգրվել իտալացի միսիոներների կողմից, ովքեր նրան տեսել էին Կոստանդնուպոլսի փողոցներում թափառելիս:
Նրան նվիրված մահախոսականում Կալաբրիայի քաղաքապետ Անտոնիո Կարլոմագնոն նրան անվանել է «բարձր արժանապատվության և բարոյական մաքրության տեր» անձնավորություն: «Ցեկարիա դի Կալաբրիա համայնքը պատիվ է ունեցել Սարգիսին հանդիպել հայ ժողովրդի համար այդքան ողբերգական պահերին: Այն ժողովրդի, որը դեռ արդարություն է սպասում պատմությունից և մարդկանցից: Մենք պատիվ ենք ունեցել ծանոթանալ նրա և նրա ժողովրդի պատմության հետ: Շնորհակալություն, Սարգի՜ս»,- ասել է Կարլոմագնոն:
Կյանքի վերջին տարիներին Մուշեղյանն իր ժամանակի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի ապագայի մասի քննարկումներին' հատկապես ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությունների ժամանակ: Նա իր ընտաիքի հետ ապրել է Իտալիայի Բարի վարչական շրջանի Նոր Արաքս գյուղում: 2013 թվականին Բարիում խաչքար է կանգնեցվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված: