Միացյալ Նահանգներում անցյալ շաբաթ մահացել է ԱՄՆ Մերիմաք հովտի' Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը' 102-ամյա Նելլի Նազարյանը: Այս մասին հայտնում է տեղական lowellsun.com լրատվական կայքը: 1915-1923 թվականն երի Հայոց ցեղասպանության տարիներին փոքրիկ Նելլին մոր ուսերին գաղթել է Արևմտյան Հայաստանի իր հայրենի գյուղից: Միայն հրաշքով նրա ընտանիքին հաջողվել է փրկվել Թուրքիայից, այնուհետև հազարավոր հայերի նման ապաստան գտնել ԱՄՆ-ում:
Կայքը նշում է, որ նա ակտիվ մասնակցել է հայ համայնքի կյանքին և վերջերս ներկա էր եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոր ձեռքերը» հուշարձանի բացման արարողությանը, որի ժամանակ արժանացել էր հարգանքի' որպես իր հայրենակիցների կրած աննկարագրելի տառապանքների ականատես:
«Նելլի Նազարյանի թողած ժառանգությունը կապրի իր երեխաների, թոռների և ծոռների միջոցով»,- նշում է հոդվածագիրը: