Հայաստանյան մի շարք գերատեսչություններում արդեն երկար ժամանակ է, ինչ կադրային չիստկա է տեղի ունենում: Ընդ որում, այդ չիստկան ունի մեկ վառ ընդգծված առանձնահատկություն: Որպես կանոն պաշտոններից հեռացվում են կամ հրաժարականի դիմում են ներկայացնում այն պաշտոնյաները, ովքեր չեն ցանկացել աշխատել, այսպես կոչված, սորոսական թևի հետ: Ընդամենն օրեր առաջ աշխատանքից ազատվել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը: Իհարկե, վերջինիս հեռանալու մի շարք պատճառաբանություններ բերվեցին, սակայն պարզից էլ պարզ է, որ, այսպիսով, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանը փորձում է կոմպլեկտավորել իր գերատեսչությունը յուրայիններով: Ընդ որում, փոխնախարարները այս գերատեսչությունից հեռանում են կասկածելի հաճախականությամբ. ընդամենը ամիսներ առաջ էլ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Տիգրան Խաչիկյանը:

Սորոսականները չեն ցանկանում թուլացնել դիրքերը նաև սոցապում, որտեղ Զարուհի Բաթոյանի և փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի ջանքերով նույնպես կադրային չիստկան շարունակվում է: Սոցապը, արդարադատության նախարարությունից հետո, երկրորդ ամենասորոսականացված գերատեսչությունն է, և այստեղ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ զարմանալի չեն: Սորոսական թևը աչք է դրել նաև առողջապահության նախարարության վրա և փորձում է ամրապնդել իր դիրքերը նաև այստեղ: Միակ հարցը, որը առաջանում է, այն է, թե արդյոք այս ակտիվացումը համաձայնեցված է վարչապետ Փաշինյանի հետ, թե՞ սորոսականներն իրենք են ձգտում ընդլայնել ձեռքի տակ եղած գործիքակազմը, որպեսզի կարողանան ավելի լայն ներգործություն ունենալ կառավարության աշխատանքի վրա և հետևաբար՝ խանգարել Նիկոլ Փաշինյանին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի:

Այն, որ Փաշինյանը չի վստահում սորոսականներին, թեև չի էլ փորձում առանձնապես խանգարել վերջիններիս՝ պետական կառավարման համակարգում մետաստազներ տալու հարցում, որը վկայում է այն հանգամանքը, որ վարչապետը ամեն գնով այս թևին հեռու է պահում ուժային բլոկի հանդեպ վերահսկողություն սահմանելուց, ինչը, ինչպես գիտենք, սորոսականների անթաքույց երազանքն ու ցանկությունն է: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, վարչապետը հարյուր տոկոսանոց վստահություն չի տածում սորոսականների հանդեպ և չի դիտարկում վերջիններիս իբրև հենարան…