ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, որը պատգամավորներին ներկայացրեց հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իր մտահոգությունները:
«Կարևորում եմ հանձնաժողովի՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման կտրվածքով: Առ այս պահն էթիկայի հանձնաժողովն այդ ուղղությամբ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել: Գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ այս պահին «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստանալու դիսպոզիցիային: Այսօր հայտարարագրման ենթակա է բացառապես անձին՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները, չափազանց բարձր է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը՝ 8 մլն դրամ, գործնականում դժվար վերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների հայտարարագրման համակարգում չկա հստակ տարանջատում՝ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների միջև, չունենք դասական իմաստով պարտավորությունների հայտարարագրման համակարգ»,- ասաց Շաթիրյանը: