ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խոսում էր նախկին իշխանության ներկայացուցիչների, քրեական գործերի ու քրեական հեղինակությունների հետ կապերի մասին, պնդումներ կատարում, որ այդ երևույթի տարածման գործում մեծ է եղել նախկին իշխանությունների ներդրումը: Լրագրողը նախկիններին քննադատող պատգամավորին հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Սասուն Միքայելյանը հանդես է եկել Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ և հարցրեց, թե ինչպես է վերաբերվում արդեն հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած այսպիսի դեպքերին:
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ «թացը չորից պետք է տարբերել» և օրինակ բերեց շաբաթներ առաջ իր թիմակից Սիսակ Գաբրիելյանի' Արսեն Բաբայանին ազատ արձակելու միջնորդությունը:
«Ոչ վաղ անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, սակայն դա չի նշանակում, որ պարոն Գաբրիելյանը դրական է վերաբերում պարոն Բաբայանի կողմից կատարված կամ ենթադրաբար կատարված արարքին»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:
Լրագրողների բուռն արձագանքին, թե Բաբայանին պետք չէ համեմատել Նորատուսցի Ալիկի հետ, պատգամավորը բացատրեց. «Երևույթը հետևյալն է. ես չեմ ասում, որ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է, կամ էդ առումով չեմ համեմատում, խոսքն այլ բանի մասին: Ցանկացած անձ, լինի քրեական հեղինակություն է, թե ոչ, կատարել է հանցագործություն, թե չի կատարել, քաղաքացի է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով սահմանված դեպքերում: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն հանդիսացող անձի ազատազրկման հիմքեր չկան և քննության նպատակներից չի բխում, որ այդ անձը գտնվի անազատության մեջ և երաշխավորագիր է ներկայացրել, պետք չի երբեք դիտարկել, որ նա խրախուսում է հանցագործությունը»:
Սուրեն Գրիգորյանը նաև հորդորեց լրագրողներին հարցերը տալ ճիշտ հասցեատերերին, այս դեպքում' Սասուն Միքայելյանին: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր: