Փաշինյան–Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված 30 կետից բաղկացած հայտարարությունում խաղաղության օրակարգին անդրադարձ կա, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցիn, թե հանրության շրջանում կա դժգոհություն, թե խաղաղության օրակարգին այդ փաստաթուղթը չի անդրադառնում։

«Խաղաղության օրակարգը ներառում է ԼՂ հիմնախնդրի լուծում, ԼՂ հիմնախնդրի մասին կա կետ, կա նաև ապաշրջափակման մասին կետ։ Գիտեք, որ ապաշրջափակումը լայն կոնտեքստում հանդիսանում է խաղաղության օրակարգի մաս։ Եվ այդ առումով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը լայն կոնտեքստում կրկին խաղաղության օրակարգի մաս է։ Առանձին որպես «խաղաղության օրակարգ» բառ/ձևակերպում նշված չէ, բայց այն կետերը, որոնց անդրադարձ կա 30 կետանոց հայտարարությունում, դրանք բոլորը վերաբերում են նաև խաղաղության օրակարգին։ Եվ պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելու, այդ կետերով առաջ գնալու նաև աջակցություն է խաղաղության օրակարգը առաջ տանելուն»,– ասել է նա։

Հաղորդավարը նշել է, որ այդ փաստաթղթում չի խոսվում այն հրատապ անհրաժեշտության մասին, որ պետք է առաջ գնալ ու հիմա լուծել ԼՂ հիմնադիրը, ինչին Արմեն Գրիգորյանը պատասխանել է՝ ասելով, որ Հայաստանն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի փորձի այս օրակարգն առաջ տանի։

«Ռուսաստանը ևս մաս է կազմում այս օրակարգը առաջ տանելուն։ Գիտեք, որ Ռուսաստանը նույնիսկ պաշտոնյա է նշանակել, պարոն Խովաևը, որը պետք է մասնակցություն ունենա խաղաղության օրակարգն առաջ տանելու գործում։ Կարևորը, որ այս տեքստը պետք չէ առանձին նայել, այս տեքստն ունի ենթավերնագրեր կամ մասեր։ Հղում կատարելը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններին նշանակում է նաև, ընդհանուր առմամբ, խաղաղության օրակարգին անդրադարձ կատարել։ Բացի դրանից, կան նաև հայտարարություններ, դիրքորոշումներ։ Եվ ինչպես նշեցի, պարոն Խովաևի պաշտոնի նշանակումը ևս խոսում է խաղաղության օրակարգի մասին։ Տեքստը միայն գրված բառերը չեն, այլ ավելի լայն կոնտեքստ ունի»,– ասել է նա։

Հաղորդավարը մեջբերել է հայտարարության 9-րդ կետը, որում խոսվում է միակողմանի սահմանափակումների անթույլատրելիության մասին և նշել, որ դա հիշեցնում է ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կողմից կիակողմանիորեն սահմանված պատժամիջոցները։ Արդյո՞ք Հայաստանը հանձնառություն է ստանձնում ՌԴ-ի հետ միասին հաղթահարել այդ պատժամիջոցներ։ Սրան ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղարն ասել է․

«Մենք որևէ անդրադարձ դրան չենք կատարել։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ավելի գլոբալ եթե նայեք, գիտեք, որ պարենային անվտանգության խնդիրներ են առաջացել նույնիսկ Հայաստանի և Ռուասաստանի միջև։ Ռուսաստանի կողմից որոշակի սահմանփակումներ մտցնելը պարենային արտահանման հարցերով, խնդիրներ էր առաջացել։ Իհարկե, այս պահին մենք ավելի շատ մոտ ենք լուծումներին, կարծում եմ, որ շուտով լուծումներ կունենանք։ Եվ անդրադարձը, որ հիմնականում վերլուծական շրջանում կատարում են, կարծում եմ գույները մգեցնում են, քանի իրականությունը կա»։