Ադրբեջանական մամուլը շարունակում է ներկայացնել ադրբեջանցի լրագրողների՝ Հայաստան այցելությունից ստացված տպավորությունները: Հիշեցնենք՝ անցած շաբաթ աննախադեպ իրադարձություն էր տեղի ունեցել, տասնամյակներ անց հայ լրագրողները հնարավորություն էին ստացել մեկնել Ադրբեջան, իսկ նրանց ադրբեջանցի գործընկերները այդ օրերին Հայաստանում էին և ահա թե ինչ են նրանք պատմում:
Մասնավորապես, news.az կայքի լրագրող Էլշան Ռուստամովը, գրելով Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին, նշում է, որ Երևանի և մարզերի միջև առկա կոնտրաստը աչքի է զարնվում անմիջապես մայրաքաղաքից դուրս գալուց հետո: Նրան նաև տպավորել էին ճանապարհաշինարարական աշխատանքների մասշտաբները:
«Տպավորություն է, որ Փաշինյանի ղեկավարման ընթացքում ավելի շատ ճանապարհ է վերանորոգվել, քան Սերժ Սարգսյանի ղեկավարման ողջ շրջանում: Ի դեպ, Սարգսյանին այստեղ չեն սիրում, ում մոտեցանք և հարցրինք՝ դժգոհում էին և՛ Սարգսյանից, և՛ նրա ընտանիքի անդամներից»- գրում է Ռուստամովը:
Ադրբեջանցի լրագրողներին հատկապես հետաքրքրել է Երևանում գտնվող Կապույտ Մզկիթը: Ըստ Ռուստամովի, մզկիթի «նայողը» հիանալի տիրապետում էր ադրբեջաներենին, սակայն իրենց տեսնելով՝ փոքր-ինչ զարմացել էր, քանի որ իր խոսքերով՝ մզկիթ այցելում են միայն Հայաստանում սովորող և բնակվող իրանցի ուսանողները:
Ռուստամովը առանձնացրել է նաև Դիլիջան այցը, այն հանգամանքը, որը Հայաստանը որևէ կերպ չի թուլացնում իր կապը Սփյուռքի հետ, հայկական մի շարք ռեստորաններում նա նկատել է հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի լուսանկարները: Մյուս կողմից, լրագրողը նշում է, որ չնայած ակնհայտ փոփոխություններին, մասշտաբային նախագծեր՝ Հայաստանում և հատկապես Երևանում, դեռևս չեն իրականացվում և Հայաստանում շարունակում են շեշտը դնել IT ոլորտի զարգացման վրա: