Ներկա պահին Ադրբեջանը պետք է բազմապատիկ ուշադրություն դարձնի հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ խոչընդոտի տարածաշրջանում նոր պատերազմ տեղի ունենալուն: Եթե ներկա պահին ղարաբաղյան պատըերազմն ակտիվանա, դա կարող է տարածաշրջանում մյուս դիմակայությունների ֆոնին ժողովրդի եւ պետության անվտանգության տեսակետից լուրջ վտանգի օբյեկտի վերածվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին moderator.az-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:
«Այսօր հրադադարը Ադրբեջանին սովորականից ավելի շատ է պետք: Դա պետք է այն պատճառով, որ տարածաշրջանի մյուս խնդիրները չզուգորդվեն: Ինչպես գիտեք, այսօր ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն) խնդրին զուգահեռ Ուկրաինայի խնդիրն էլ է բավականին արդիական:
Հրադադարի պահպանումը մեզ համար կարեւոր է, որպեսզի այդ հակամարտությունները, չզուգորդվելով, կրակի շերտ չստեղծեն, որպես ժողովուրդ մենք չոչնչանանք, մեր ձեռք բերած երեւութական (արտաքին) արդուզարդն էլ չավերվի», -նշել է նա:
Ջալալօղլուն համոզմունք է հայտնել, որ այսօր մարդկանց' նմանը չունեցող տնտեսական զարգացման եւ շինարարական գործընթացի փայլուն օրինակներ ներկայացվող երկնաքերերն ու կամուրջները առաջին իսկ կրակոցներից կփլուզվեն:
«Եթե Բաքվի վրա երկու ռումբ նետեն, «Հրե աշտարակների» գլխավորությամբ բոլոր շենքերը կավերվեն: Գոնե մեր ունեցածը պահել-պահպանելու համար ժողովուրդը մի քիչ պետք է սառնարյուն լինի, կարողանա իրադարձություններին ճշգրիտ եւ օբյեկտիվ գնահատական տալ», -ասել է Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը:
Նրա խոսքով' Ադրբեջանի հասարակության մեծամասնությունը գտնում է, որ նման փոքր երկրում զինվորներից գրեթե մեծ թվով գեներալներ ունենալն անիմաստ է, նույնիսկ' ամոթալի: Իսկ որոշ քաղաքական գործիչների կարծիքով' բարձրագույն ռազմական կոչումները ոչ թե գիտելիքի եւ աշխատանքի գնով, այլ միանգամայն տարբեր որակների համար կոչում ստացած գեներալների անձնակազմով անհնար է որակյալ պատերազմ տանել:
Ըստ կուսակցապետի' երկրի գեներալների նշանակալի մասն արժանի չէ կրած կոչմանը: Նա ասել է, որ գեներալի կոչում ստացած անձինք ոչ միայն աչքի չեն ընկել որեւէ մարտում, այլեւ տեսական գիտելիքների տեսակետից եւս չեն համապատասխանում այդ կոչման համար անհրաժեշտ չափանիշներին:
Ջալալօղլուի խոսքով' Ադրբեջանում չի հասկացվում, թե գեներալի կոչումը զինվորականին ո՞ր ծառայության կամ ո՞ր հաջող գործողության համար է տրվում:
«Ադրբեջանում երկու ավանակի գարին բաժանել չկարողացող գեներալներ կան: Խորհրդային շրջանում բարձրագույն ռազմական ակադեմիա չավարտած անձանց գնդապետից բարձր կոչում չէր տրվում: Իսկ Ադրբեջանում միջնակարգ դպրոցի մակարդակի ակադեմիա են ստեղծել: Այնտեղ որոշ մարդկանց դիպլոմներ են տալիս, թե իբր ավարտել ես այս դպրոցը եւ այժմ էլ կարող ես գեներալ դառնալ», -նշել է նա:
Ջալալօղլուն ասել է, որ ինքն անձամբ ճանաչում է այսօր գեներալի կոչում կրող բազմաթիվ մարդկանց եւ նշել, որ ժողովրդի, հայրենիքի նկատմամբ նրանց վերաբերմունքը բոլորովին էլ բավարար չէ:
«Ես Ադրբեջանում ներկայում գեներալի կոչումով 15-20 անձանց ճանաչում եմ: Ժամանակին այդ մարդկանց հետ աշխատանքային ընկեր եմ եղել եւ նրանց հետ որոշակի աստիճանի շփումներ եմ ունեցել: Հինգ մատիս պես գիտեմ այդ մարդկանց խելքը, ունակությունները, եւ թե ինչից է կազմված հայրենիքի եւ պետության նկատմամբ նրանց վերաբերմունքը:
Այդ մարդիկ այժմ բարձր պաշտոնների են: Պատկերացրեք, որ այդ մարդիկ այժմ Ադրբեջանի գեներալներն են: Դե ասեք, հիմա ինչ՞ որակյալ պատերազմի, որ՞ գործողությունից, հարձակումից եւ պաշտպանությունից կարելի է խոսել»,- հարցնում է նա:
Ջալալօղլուն նշել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւս աչքի չի ընկել որեւէ մարտում, եւ միայն ուշադրություն է գրավել բողոքի ակցիաները ցրելու մեջ ցուցաբերած ակտիվությամբ:
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այն գեներալն է, ով որպես Ներքին զորքերի հրամանատար հրապարակում առանձնանում էր մեզ բոլորից ավելի լավ ճնշելով: Նա զինվորներին խումբ-խումբ զինելով' հրապարակ էր բերում այն բանի համար, որպեսզի ծեծեին 20-30 կանանց եւ երեխաների: Հիմա այդ մարդկանցից ի՞նչ այլ բան կարող ենք սպասել:
Այդ պատճառով էլ գտնում եմ, որ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հետ կապված հայտարարությունները դատարկաբանություն, անհեթեթություն է», -ասել է նա: