ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը միջանցքում հանդիպեց նստացույց իրականացնող ուսանողների հետ: Նա պատասխանեց ուսանողների և լրագրողների հարցերին: Հայտնեց իր դիրքորոշումը և օրենքի, և նստացույցերի ու դասադուլների վերաբերյալ: Նա կարծում է, որ ԵՊՀ-ում նույնիսկ այս օրենքի ընդունումից հետո հայագիտական առարկաները ֆակուլտետների մեծ մասում կշարունակեն դասավանդվել, և դրա համար օրենքի պարտադրանք պետք չէ: Գևորգյանն ասաց, որ ուսանողների պահանջը կատարել ու Գիտական խորհրդի նիստ հրավիրել չեն կարող. «Այսօր դուք ձեր փոքրիկ խմբով եք պահանջում նիստ հրավիրել, վաղը մեկ ուրիշ խումբ կգա, կպահանջի այլ հարցով նիստ հրավիրել, մենք չենք կարող ամեն անգամ բավարարել այդ պահանջները: Ձեր պահանջը քաղաքական է, ուղղված է Ազգային Ժողովին, որովհետև օրենքներ ընդունում է Ազգային Ժողովը»:
Ուսանողները հակադարձեցին. «Ակցիան ուղղված չէ ոչ ձեր, ոչ էլ որևէ այլ անձի դեմ, ոչ էլ նույնիսկ Արայիկ Հարությունյանի: Ակցիան նպատակ է հետապնդում Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը քննարկման առարկա դարձնել մեր մայր բուհում»:
Ավելի բովանդակային և արդյունավետ քննարկում ունենալու համար ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հարցուպատասխանի արդյունքում համաձայնեց արդեն լսարանային պայմաններում հանդիպել ուսանողներին, բայց մի պայմանով՝ եթե հանդպման ընթացքում որևէ մեկը ընդհատի իր խոսքը, ինքն այդ պահին կհեռանա: Ուսանողները համաձայնեցին և դադարեցրին նստադուլը՝ հեռանալով ԵՊՀ միջանցքից: Արդեն վաղը կողմերը կհստակեցնեն հանդիպման օրը: