Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստում Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդել է կասեցնել գործն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանն, անդրադառնալով իր փաստաբանի՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու միջնորդությանը, նշեց․ «Մենք ուզում ենք ցույց տալ, թե իրավական առումով ինչ խնդիրներ կան, անկախ նրանից՝ դատարանը կբավարարի՞, թե՞ չի բավարարի: Մենք ներկայացնում ենք սահմանադրական խնդիր»,- նշեց նա։
Խոսելով այն մասին, որ ի պատասխան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «երբ ժամանակը գա, կխոսեմ» հայտարարության՝ ասել էր, թե՝ «իսկ, եթե ե՞ս խոսեմ», ու դրանից հետո պահպանած լռությանը, ասաց, որ այս փուլում որոշել է չպատասխանել․ «Կարծում եմ, որ այդ մակարդակում՝ սուտ է ասում, ճիշտ է ասում, ես պե՞տք է մտնեմ դրա մեջ: Կարծում եմ՝ ես իր հետ, առհասարակ, բանավեճ չունեմ: Ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ: Ես իրեն զգուշացրել եմ՝ մի՛ խառնվի, սխալ մի՛ արա, բայց ես նրա հետ բանավեճ չեմ անում»,- ասաց Սանասարյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում իր լռությանը՝ Սանասարյանն ասաց, որ չի ցանկանում մասնակից լինել ցեխշպրտոցների․ «Մեր երկրում շատ լուրջ խնդիրներ կան, քան միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով՝ գաղջ մթնոլորտը նորից սպասարկելը»,- ասաց նա:
Նշենք, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում շարունակում են կասեցված մնալ։