Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ նրա գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով Տեսչական մարմնի ստուգումների նպատակաուղղումը դեպի առավել ռիսկային ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, համաձայն որի ՀՀ կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող մարմնի կողմից մշակված վերջինիս վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից: