Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:

 

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Նշվել է, որ վերոհիշյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը:

 

Ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի շրջանակում հնչել են առաջարկություններ և կարծիքներ արծարծված հարցերի վերաբերյալ:

 

Խորհուրդը հավանություն է տվել ներկայացված փաստաթղթերին՝ հաշվի առնելով արված դիտողությունները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

 

Նիստում հավանության են արժանացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը: