Տարածված տեղեկությունների համաձայն, անցած տարի՝ հեղափոխությունից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դեռևս Ռուբեն Հայրապետյանն էր, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ն 22 մլն դրամի պայմանագիր է կնքել Հայրապետյանի որդուն պատկանող «Նորալուսին» ընկերության հետ։ Թեև վերջինս 152 երեխայի համար պետք է մատուցեր ծառայություններ, սակայն Պետեկամուտների կոմիտեում պարզել են, որ նման ծառայություններ ընկերության կողմից ֆեդերացիային չեն մատուցվել, որից հետո «Նորալուսինը» 22 միլիոն դրամը հետ է փոխանցվել ՀՖՖ-ին։
«Սուտ լուրեր են նման բան չկա։ Նախ ՀՖՖ-ն չի փոխանցել, Ֆուտբոլի ակադեմիան է փոխանցել և երեխաները չեն գնացել, հետ է վերադարձվել։ Պատվեր տվողներն էլ ֆեդերացիայի «պադոնկներն են»։ Հայերեն լեզվով կրկնում եմ, Ֆուտբոլի ակադեմիան է եղել, հետո չեն գնացել՝ փողը ամբողջությմաբ հետ է փոխանցվել, ինչի մասին է խոսքը»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ իր դեմ կեղտոտ խաղեր են փորձում խաղալ․ «Հենց ֆուտբոլի ֆեդերացիայում պրոբլեմ է լինում, չեն կարում հասկանան, ինձ են հիշում։ Ես ընդհանրապես մոռացել եմ ֆուտբոլը, թող իրանք էլ ինձ մոռանան»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմա այլ բանով է զբաղված։
Հետաքրքրվեցինք՝ փոքր-ինչ մանրամասնել, թե ինչո՞վ է զբաղվում հիմա, Հայրապետյանն ասաց․ «Իմ առողջությամբ եմ զբաղվում»,- ասաց նա։
Ավելի վաղ, 1lurer.am գրել էր՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ «152 երեխայի համար 2018-ի ապրիլի 20-28-ն ընկած ժամանակահատվածի համար կազմակերպվել է գիշերակաց՝ 3-անգամյա սննդով և շոգեբաղնիքի ծառայություններով»։ Պետեկամուտների կոմիտեում, սակայն, պարզել են, որ նման ծառայություններ ընկերության կողմից ֆեդերացիային չեն մատուցվել, «Նորալուսինը» 22 միլիոն դրամը հետ է փոխանցվել ՀՖՖ-ին։ Երեխաների համար այս հանգիստը պետք է կազմակերպվեր Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող «Զեփյուռ» հանգստյան տանը, որը պատկանում է «Նորալուսնին», իսկ վերջինիս միանձնյա բաժնետերը Ռուբեն Հայրապետյանի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը։
Ըստ հրապարակման՝ ստացվում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ծառայությունների պայմանագիր է կնքել իր որդուն պատկանող ընկերության հետ, իսկ ծառայություն, ըստ ՊԵԿ-ի, չի մատուցվել։ 2019-ի մարտի 1-ին ՊԵԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու հատկանիշներով։ 5 ամիս անց քրեական գործի վարույթը կարճվել է, քանի որ պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ընկերությունը ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ և վերականգնել 3.6 միլիոն դրամի վնասը։
Սոնա Հարությունյան