Մառախուղի պատճառով Երևան ժամանող չվերթները կարգավորվել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը։
«Ինքնաթիռները, որոնք օդում էին, իջել են, իսկ, որոնք գնացել էին հետ կամ պահուստային օդանավակայան, ժամերը կհստակեցվեն, կժամանեն։ Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում։ «Ural»-ը, «Armenia»-ն օդում պտտվում էին, հիմա իջել են։ Ավստրիականը, իմանալով մառախուղ է, ընդհանրապես, չի էլ եկել։ «Lot» լեհական ավիաընկերությունը գնացել է Թբիլիսի, այնտեղից հետ են վերադարձել Վարշավա»,- նշեց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մառախուղի հետևանքով «Զվարթնոց»-ում վայրէջքներ չեն իրականացվում։ Մեզ ահազանգած ուղևորների հարազատներն անհանգիստ էին, քանի որ տեղեկություն չունեին իրենց ժամանող հարազատներից։