ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ․
«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ձեզ վստահված' ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք։
Ոստիկանությունում ծառայությունը, ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն բխում են, ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի շահերից: Այդ իսկ պատճառով կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն և մշտապես գտնվում ենք հասարակության կողքին և ուշադրության կենտրոնում: Լինելով պետականության պահպանման հենասյուներից մեկը' մենք պետք է հանդիսանանք օրենքին, արդարությանն ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ, որը մենք ապացուցեցինք նաև Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մատուցած ազգանվեր ծառայությամբ:
Անընդհատ զարգացող հասարակական հարաբերություններին համընթաց բարեփոխումներ են իրականացվում նաև Արցախի Հանրապետության ոստիկանությունում, որոնք նպատակ են հետապնդում ժողովրդին ներկայանալ որպես կայացած և ամուր պետական կառույց, ապահովել լիարժեք հասարակական անվտանգության մթնոլորտ, ամբողջովին պարզեցնել հասարակությանը մատուցվող ծառայությունները և համակարգի թափանցիկ գործելաոճի շնորհիվ սկզբունքորեն ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը:
Հարգելի ծառայակիցներ.
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ հետևողականորեն ձեռնամուխ է լինում մասնագիտական և բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկանության ձևավորման փառավոր գործին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, հաշմանդամներին, Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, անսպառ ուժ և նպատակների իրականացում։
Մենք պետք է լինենք սկզբունքային, հավատարիմ մնանք մեր կոչմանն ու երդմանը և բարձր պահենք ոստիկանի ուսադիրի պատիվը»: