Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության սկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանն աղմկահարույց մի նախագիծ է գրել, որով առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, (Կոմանդոս) անդրադառնալով այս հարցին, նշեց, որ բանակին հարկավոր է նուրբ և լուրջ վերաբերվել․ «Պատգամավորն ուզում է որևէ լավ բան անի, բայց, քանի որ նա բանակի հետ առնչություն չունեցող մարդ է, չի հասկանում՝ ինչ խնդիրներ կան բանակի ներսում: Պրոբլեմները քննարկելու համար հարկավոր է մասնագետներ ներգրավվել, խոսքը ոչ թե զինվորական, այլ դասախոս մասնագետների մասին է: Ասում են՝ մեկ ամսվա ընթացքում պետք է զինվոր պատրաստեն, բայց մեկ ամսվա ընթացքում, ընդհանրապես, ոչ մի մասնագետ հնարավոր չէ պատրաստել թե՛ զինվոր, թե՛ հացթուխ, թե՛ վարորդ և այլն: Պատգամավորն ուզում է բարելավել բանակի վիճակը, բայց պետք է այնպես անել, որ չխփի մեր օրենքին: Թեև մեկ ամիսը սահմանադրությամբ սահմանված է մեր պարտականության համար, սակայն պետք է հաշվի առնել, որ մենք պատերազմող երկիր ենք: Ծնողները, նկատի ունենալով սա, շատ հաճախ ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները չծառայեն։ Բանակին պետք է նուրբ ու լուրջ մոտենալ»,- նշեց նա:
Տեր-Թադևոսյանի խոսքով, եթե օրենքն ընդունվի, շատ վատ կլինի, այն կխանգարի բանակին, քանի որ մարդիկ կվճարեն 10 մլն դրամը և կմոռանան հայրենիքի պարտքի մասին։ «Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար եղած ժամանակ նման մի առաջարկությամբ հանդես եկավ, սակայն զինվորականները, մասնագետները, հասարակությունը դեմ կանգնեցին և այն չընդունվեց: Հիմա էլ Հայկ Սարգսյանն է նման մի առաջարկություն անում։ Մեր զինվորական հաստատություններում, ուսումնարաններ մտնելիս՝ կզարմանաք, թե որքան քիչ մարդիկ են սովորում, մարդիկ չեն ուզում գնալ սովորել, նշանակում է՝ կան պրոբլեմներ, որոնց լուծման համար լուրջ քայլեր են հարկավոր»,- ասաց նա:
Խոսելով Հայկ Սարգսյանի այն տեսակետի մասին, թե օրինագծի ընդունման դեպքում պայմանագրային ծառայողների աճ կլինի՝ Կոմանդոսը չհամաձայնեց․ «Դա իր կարծիքն է, բայց իմ կարծիքով, չի կարող այնքան աճ լինել, որքան մեր բանակին անհրաժեշտ զինվորներն են։ Բանակը փոփոխություններ չի սիրում, այն իր զինվորական օրենքներն ունի, որոնք մեկ, երկու քայլով չի կարելի փոխել, դրա համար լուրջ գործողություններ են պետք և դրանով ոչ թե պետք է վատացնել մեր բանակի վիճակը, այլ լավացնել։ Հայկ Սարգսյանի առաջարկը դրական ազդեցություն չի տա»,- նշեց Արակդի Տեր-Թադևոսյանը։
Նա նկատեց՝ բոլորն էլ գիտեն շատ հաճախ ինչ ձևով են բանակից խուսափելու հարցերը լուծվում, բայց դրանց մասին պետք է չէ բարձրաձայնել․ «Պետք է աշխատել, որ գումարներն ուրիշի գրպանը չգնան»։
Սոնա Հարությունյան