Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ժնևյան հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմավարությունը որեւէ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածության միջոցով բանակցային գործընթացը տանել հօգուտ իրեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով' Ադրբեջանը չի էլ փորձում լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար, քանի որ դա իրեն այս պահին հարկավոր չէ: «Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա: Ադրբեջանը որևէ մոտիվացիա չունի այն փոխելու»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների գործողություններին՝ Իսկանդարյանը նշեց, որ նրանք զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ ավելի շատ հակամարտության մենեջմենթով, նպատակ հետապնդելով նվազեցնել բռնությունները, վստահության մեխանիզմներ ստեղծել եւ այլն:
Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը փաստեց, որ երբ Ադրբեջանը փոխի իր ռազմավարությունը, դա անպայման նկատելի կլինի, ինչ-որ բանով կարտահայտվի: «Ժնեւյան հանդիպումից հետո ես Ադրբեջանի կողմից ռազմավարության փոփոխություն չեմ տեսնում: Փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է իր նախկինում վարած քաղաքականությունը»,-հավելեց բանախոսը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ժնևում հոկտեմբերի 16-ին: