Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, խորապես անհանգստացած լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտման մասին վերջին հրապարակումներով, կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակն ու ձեռնարկել հրատապ քայլեր՝ իրավիճակի կայունացման համար: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին ամբողջությամբ հարգել հրադադարի համաձայնագիրն ու ձեռնարկել հրատապ քայլեր՝ իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Բանի Կի Մունի խոսնակի տարածած հայտարարության մեջ ասվում է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես անհանգստացած է ծանր զինատեսակների կիրառման և քաղաքացիական անձանց շրջանում մեծ թվով դժբախտ պատահարների առնչությամբ:
Իր հայտարարության միջոցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ամբողջական աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են վտանգավոր իրադրության կարգավորման ուղղությամբ և հետամուտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը: