Մոսկվան կոչ է անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից: Դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրման: Մենք կոչ ենք անում Բաքվին քայլեր ձեռնարկել մարդասիրական նպատակներով միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է աշխատել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով և այլ ուղիներով՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ։
«Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ներքո ստանձնած բոլոր պարտավորությունները: Այն արդիական է»,- ասել է Զախարովան։