Ինչու՞ Գերմանիան կամ Բելգիան՝ առաջատար երկրներ, չեն կիրառում ծխախոտի կանոնակարգման խիստ մեթոդներ, իսկ ծխողների քանակը գնալով նվազում է։
Վերջին շրջանում Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում Ազգային ժողով ներկայացված հակածխախոտային նոր օրենքի նախագծի, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքների մասին: Օրենքի նախագիծը ենթադրում է փակ տարածքներում՝ ռեստորաններում, սրճարաններում, գրասենյակներում ծխելու արգելքը, ինչպես նաև գովազդի սահմանափակումն ու վաճառակետերում ծխախոտի հեռացումը տեսանելի և հասանելի դիրքերից: Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում Campaign for Tobacco Free Kids կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամսը նշում է, որ նոր օրենքը կխթանի երկրում ծխելու ծավալի նվազեցմանը, ինչպես նաև մարդկանց զերծ կպահի երկրորդային ծխի ազդեցությունից: Այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետներ և ոլորտի մասնագետներ նշում են, որ բացի նրանից, որ համապարփակ արգելքները խելամիտ լուծում չեն, բացի այդ նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության և տնտեսվարողներրի եկամտի վրա։
Եկեք հասկանանք․ եթե Հայաստանում առաջադրված ծխախոտի կանխարգելման օրենսդրությունն ամբողջությամբ համահունչ է միջազգային փորձի հետ, ապա ինչու՞ Գերմանիան կամ Բելգիան՝ առաջատար երկրներ, չեն հետևում նման կանոնակարգումներին։ Ինչու՞ է Գերմանիայում, չնայած նրան, որ խանութների պահարաններին ցուցադրված է սիգարետ, նվազում ծխողներ քանակը։ Փաստացի ծխողների քանակի և խանութներում ցուցադրված ծխախոտի տուփերի միջև կորելացիան բացակայում է։
Հետևություն․ Որտե՞ղ է խնդիրը։ Եթե ավելի խորը նայենք, ապա կտեսնենք, որ մեր երկրում մեծ բաց կա հասարակության կրթվածության հարցում։ Արդյո՞ք արդյունավետ է տոտալ արգելքների կիրառումը, թե՞ կան առավել արդյունավետ միջոցներ։ Օրինակ, կրթել հասարակությանը և ապահովել բարեկեցությունը՝ միայն արգելելու և քարկոծելու փոխարեն։ Ըստ ԱՀԿ-ի ցուցանիշների ծխոխների թիվը 2025 թվականին գրեթե չի նվազում, ապա հետևություն․հարկավոր է ավելի խիստ կանոններ սահմանելու փոխարեն նստել մարդկանց կողքը և զրուցել։
Նայենք այլ տեսանկյունից․
Ներկայումս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք գործող գումարների զգալի մասը ծխախոտի հարկերն ու ռեստորանների, սրճարանների և այլ ժամանցի վայրերի հարկային պարտավորություններն են: Ի՞նչ կլինի, եթե այս վայրերում արգելվի ծխելը. վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի դեպքում կնվազի ժամանցի վայրեր այցելող մարդկանց թիվը, քանի որ, համաձայնեք, ամեն անգամ ծխելու համար ժամանցն ընդհատելն ու դուրս վազելը հաճելի չէ ոչ մեկի համար: Հարցի լուծումն ակնհայտ է․ պետք է պարզապես բոլոր ժամանցի վայրերում առանձնացնել ծխողների և չծխողների համար նախատեսված սրահներ, որպեսզի չծխող անձիք չենթարկվեն երկրորդային ծխի ազդեցությանը:
Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վերջերս իր Ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Բելգիայի օրինակը. «ԵՄ անդամ Բուլղարիայում վաղուց արգելված է փակ տարածքներում՝ ռեստորաններում և հանրային սննդի օբյեկտներում ծխելը։ Ի՞նչ են արել բուլղարացիները։ Սարքել են ապակեպատ սրճարաններ, տեղադրել տաքացուցիչներ և ներսում ծխում են։ Այսինքն, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է, սա փակ տարածք չի (հիմնական պատեր չունի), բայց բաց էլ չի ու ներսում ցուրտ չի։
Ով չի ցանկանում ծխել, իր ժամանցը կարող է անցկացնել շենքերի մեջ՝ դասական իմաստով փակ օբյեկտներում (չնայած հանուն արդարության նշեմ, որ սեփական աչքով տեսել ենք, թե ինչպես են փակ ռեստորանում ծխում)։
Նկարներն ինքս եմ արել, մի քանի օր առաջ, Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկում։
Ահա այսպիսի բաներ միջազգային փորձից՝ ի գիտություն»:
Հետաքրքիր է՝ ՀՀ Առողջապահության նախարարությունն այսպիսի հեռանկարներ հաշվի առե՞լ է: