Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում: 31 տարի առաջ, 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա եւ Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը. «Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, այդ մութ ու ցուրտ փողոցները, այդ սառը իրականությունը, հասկանում ես, որ դա է աղետի իրական դեմքը», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Իրականում փրկարարները այդ ժամանակ դեռեւս Խորհրդային Հայաստան մեկնելիս' համոզված չէին, որ իրենց թույլ կտային աշխատել այստեղ: Միացյալ Նահանգներից դեպի Խորհրդային Միություն փրկարարների որեւէ խումբ նախկինում դեռ չէր մեկնել:
«Սակայն, մենք փրկարարներ ենք եւ մեզ համար այդ հարցերը երկրորդական էին: Բոլորս մարդ ենք եւ պետք է միմյանց մասին հոգ տանենք, երբ դրա կարիքն է լինում: Հայերը հրաշալի ժողովուրդ են եւ այդ ժամանակ նրանք ունեին մեր կարիքը, եւ դա մեզ համար ազդանշան էր: Զանգը հնչեց, եւ մենք գնացինք անելու մեր աշխատանքը»:
Այն տարիներին ամերիկացի փրկարարներն իրենց հետ բերեցին այնքան անհրաժեշտ սարքավորումներ եւ վարժեցված շներ, որոնց օգնությամբ հնարավոր էր գտնել փլատակների տակ մնացած մարդկանց: Սարքավորումներ, որոնց շնորհիվ մարդկային կյանքեր փրկվեցին: Իրենք' փրկարարները սակայն փրկվածների մասին խոսել չեն սիրում: Բայց հիշում են բոլորին, ում փրկել չհաջողվեց:
Ֆլորիդայի փրկարար Ռաուլ Չավեսը, հիշում է, թե ինչպես էին աշխատում 13 տարեկան երեխային փլատակներից ազատելու համար, երբ իրենց մի տղամարդ մոտեցավ օգնության խնդրանքով.
«Նա մոտեցավ ինձ, ասելով՝ ընտանիքն այնտեղ է, օգնեք գտնել նրանց: Ես պատասխանեցի, որ այստեղ ավարտելուց հետո անմիջապես կգանք: Եվ մենք ավարտելուց հետո անհապաղ մեկնեցինք մեր սարքավորումներով, բայց արդեն ուշ էր, նրանք մահացել էին: Ես դա երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա նաեւ բոլոր երեխաներին, որոնք դպրոցներում մնացին, չէ՞ որ երկրաշարժը դասի ժամին էր տեղի ունեցել: Մենք փորձեցինք, արեցինք ինչ կարող էինք, բայց, ավաղ, շատ բան չկարողացանք անել սահմանափակ մեր ուժերով»:
Վիրջինիայի փրկարար Դան Բաքհամը, ով Հայաստան մեկնելուց առաջ արդեն բազմաթիվ աղետների ականատես էր, ասում է. «այդպիսի աղետ չէի պատկերացնում».
«Հիշում եմ, մենք մի կին փրկեցինք, ով գրկել էր 10 ամսական թոռնիկին: Թոռնիկը ցավոք տատիկի գրկին մահացել էր: Այդ ժամանակ իմ սեփական թոռնիկը 10 ամսական էր եւ Հայաստանից վերադառնալիս ես նրան նամակ գրեցի: Այսօր թոռնիկս 31 տարեկան է եւ նրան նայելիս ես հաճախ մտածում եմ, ի՞նչ կդառնար այն երեխան այսօր, եթե ողջ մնար: Չեմ կարողանում այդ մտքից ազատվել»:
1988-ի երկրաշարժը սկիզբ դրեց մեկ այլ, շատ կարեւոր աշխատանքի, նշում է փրկարար Ուոլթեր Քարփերը.
«Այսօր գործող միջազգային փրկարարական ավանդույթի սկիզբը դրվել է Հայաստանի երկրաշարժից: Այն ամենն, ինչ առկա է այդ ոլորտում, հիմնված է հենց Հայաստանի փորձի վրա»:
Քարփերը եւ մյուս փրկարարներն ընդգծում են եւս մեկ կարեւոր հանգամանք, որն իրենց տպավորել էր՝ հայերի անկոտրում ոգին: Հայերը սարսափելի հարված էին ստացել, քանդվել էին նրանց տները, սակայն, նրանց ոգին չէր կոտրվել, նշում են փրկարարները: Այդ նույն ոգու մասին իր ելույթներում խոսել է նաեւ ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ով նախաձեռնել էր Հայաստանի համար օգնությունը թե՛ անմիջապես երկրաշարժից հետո եւ թե՛ ԱՄՆ-ի ժողովրդին իր հղած հատուկ ուղերձներով.
«Մենք եղանք Լենինականի եւ Սպիտակի բնակիչների անձնվեր քաջության ականատեսը: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է ոտքի կանգնել, քանի որ հայերը հատուկ ամրության նյութից են պատրաստված»: