Համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Պարզվել է տուժողի ինքնությունը, ինչպես նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Տուժողը հարցաքննվել է։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ից համացանցում հայտնվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որտեղ քաղաքացին խոշտանգման է ենթարկվում։ Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Տեսանյութի կապակցությամբ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող: Իսկ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: