«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման շրջանակում ներկայացված «Մոր ձեռքերը» վերնագրով հաղորդման հիման վրա նյութեր են պատրաստվում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց նա:
Ավելի վաղ գրել էինք, որ հաղորդման շրջանակում արտառոց դեպք էր ներկայացվել. 23-ամյա կինը խոշտանգման է ենթարկվել: Հաղորդման փորձագետները հույս էին հայտնել, որ հաղորդումը ոստիկանության կողմից կդիտարկվի որպես հաղորդում հանցագործության մասին։ Մեզ հետ զրույցում փաստաբան Գարիկ Սահակյանն, ով հաղորդման փորձագետներից է, նշել էր, որ չի կարող հստակ ասել, բայց փորձագետների, օբյեկտիվ հանդիսատեսի մոտ տպավորությունն այնպիսին էր, թե մայրն է ծեծի ենթարկել աղջկան․ «Այն վարվելակերպը, որն ուներ մայրը դստեր հետ, փաստում է, որ նա եսասիրաբար է մոտենում հարցին։ Եթե անգամ մայրը չի ծեծել աղջկան, ամեն դեպքում նրա մոտ կա բացառիկ անտարբերություն, սառը վերաբերմունք, երեխային օգտագործելու շնորհիվ, ըստ երևույթին, հաշմանդամության թոշակ ստանալու և պետությունից ինչ-որ բան ստանալու ակնկալիք։ Մեղքի մեծ բաժինն, անշուշտ, մորինն է։ Մոր կողմից հարևանի հետ վարվելակերպը՝ հրելը, խոսելաձևը արձանագրելիս՝ տեսնում ենք, որ հնարավոր է իր գործողության արդյունքում է աղջիկն այդ վիճակում հայտնվել»,- նշել էր փաստաբանը։