Քիչ առաջ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրենց՝ Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանի կանանցից մեկին ամուսինն առևանգել է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից մանրամասներ հայտնեցին:
Այստեղից փոխանցեցին, որ քրգործի շրջանակներում այսօր կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել առերեսում. «Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս գալուց հետո քննչական գործողություններին մասնակից կինը նստել է ամուսնու և իր որդու հետ մեքենան և հեռացել:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ նշենք, որ կինն այս պահին հայտնաբերվել է, նա գտնվում է ոստիկանության Արթիկի բաժնում, հայտնել է, որ որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է մեքենան և մեկնել ամուսնու հետ, առևանգման որևէ դեպքի, բռնության կամ կնոջ կամքին հակառակ գործողություն իրականացնելու մասին կինն իրավապահներին չի հայտնել»,- հայտնեցին Քննչական կոմիտեից: