Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռուբեն Նազարյանի և Անանիա Կամանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Դատարանի դատավճռով' նրանք մեղավոր են ճանաչվել նախնական հանցավոր համաձայնությամբ 2012թ. հուլիսի 17-ին Լիլիային առևանգելու համար:
Բացի այդ, Ռ.Նազարյանը, գտնվելով ժամկետային ծառայության մեջ, 4 անգամ ինքնակամ թողել է զորամասը, ինչի համար ևս դատարանը նրան մեղավոր է ճանաչել:
Ռուբեն Նազարյանի և Անանիա Կամանյանի կողմից Լիլիային առևանգելը ամուսնության նպատակով չի եղել:
Ըստ մեղադրանքի' Լիլիայի մտերիմ ընկերուհի Մարգարիտան բաժանվել է ամուսնուց' Անանիա Կամանյանից, և բնակություն հաստատել Լիլիայի տանը:
2012թ. հուլիսի 17-ին Կամանյանը զանգահարել է Լիլիային և խնդրել հանդիպել' Մարգարիտայի մասին խոսելու համար: Կարճ զրույցից հետո Ա.Կամանյանը հեռացել է Լիլիայից, որից հետո վերջինիս են մոտեցել երկու երիտասարդներ և ներկայացել որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից' ցույց տալով կարմիր վկայական: Որպես ոստիկան ներկայացողներից մեկը եղել է Ռուբեն Նազարյանը, ով Լիլիային հայտնել է, թե նրան պետք է տանեն ոստիկանության Արաբկիրի բաժին:
Սակայն նրան տարել են ինչ-որ կիսաքանդ բնակարան, որտեղ էլ հայտնել են, որ իրենց նպատակը Անանիային և Մարգարիտային գտնելն է: Այնուհետև նշված բնակարան է եկել նաև Ա.Կամանյանը և Լիլիայից պահանջել, որ նա զանգահարի Մարգարիտային և հանդիպում նշանակի:
Գործի նախաքննությամբ Լիլիայի առևանգմանը մասնակից երկրորդ անձի ինքնությունը չի պարզվել:
Տուժող Լիլիան դատարանում, այնուամենայնիվ, հայտնել է, որ ամբաստանյալների դեմ որևէ բողոք, պահանջ չունի' խնդրելով մեղմ պատիժ սահմանել:
Ա.Կամանյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Ռ.Նազարյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն' զորամասն ինքնակամ թողնելու համար միայն:
Դատարանը երկու ամբաստանյալներին էլ մեղավոր է ճանաչել և Ռ.Նազարյանին դատապարտել ազատազրկման' 4 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Ա.Կամանյանին' 4 տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքներ է բերել' խնդրելով առևանգման մեղադրանքով ամբաստանյալներին արդարացնել, իսկ զորամասն ինքնակամ լքելու համար Ռ.Նազարյանին նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 06.06.2013թ. համարում: