Եթե ՀՀԿ-ի օրոք Ալիեւին ճնշում էին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա այսօր՝ «Իմ քայլի» օրոք, կարծես թե դեմ չեն փուլային տարբերակին ու ինչ որ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.«Անվտանգության մարտահրավերների դիմակայումն ու Արցախյան կարգավորումը եղել եւ շարունակում են մնալ մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրները:

Ավաղ, Փաշինյանի իշխանազավթումից հետո Հայաստանը ոչ միայն չի ամրացրել իր դիրքերը բանակցություններում, այլ ընդհակառակը՝ վեր է ածվել իզգոյի:

Տեսեք՝

* Արցախն այդպես էլ բանակցություններին լիարժեքորեն չի մասնակցում: Փաշինյանի այդ թեզը նախապայման դիտարկվեց համանախագահների կողմից եւ համանախագահների խիստ հայտարարությունից հետո պաշտոնական Երեւանը, կարծես թե, մոռացավ իր այդ թեզի մասին:

* Չգիտես ինչու, ՀՀ վարչապետը պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը Ադրբեջանից գցեց Ռուսաստանի վրա՝ նշելով, թե Ռուսաստանը ունի բոլոր մեխանիզմները՝ թույլ չտալու պատերազմի վերսկսում:

* Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիեւը Փաշինյանի վրա թողեց կիրթ եւ նորմալ մարդու տպավորություն:

* Հայաստանը հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգերից:

* ՀՀ վարչապետը Արցախում սկսեց «դավադիր ուժեր» փնտրել, որոնք պատերազմի միջոցով փորձում են հող հանձնել Ադրբեջանին եւ հետո մեղքը գցել իր վրա:

* Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ, որով թուլացրեց Արցախի բանակցային դիրքերը եւ, փաստացի, Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ:

* Փաշինյանի այդ հայտարարությունը քննադատվեց նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից:

* Դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հերթական անհեթեթ թեզը, թե հակամարտության լուծումը պետք է բավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե Ադրբեջանի ժողովուրդներին եւ որ ինքը պատրաստ է երկխոսելու ոչ միայն Ալիեւի, այլ նաեւ Ադրբեջանի ժողովրդի հետ:

* Այս թեզը օդում կրակած փամփուշտ էր, որը չարժանացավ ոչ համանախագահների եւ ոչ էլ Ալիեւի արձագանքին:

* Ավելին, իշխանության ներկայացուցիչը ուղիղ նշեց, որ Փաշինյանը դեմ չէ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Սրանք փաստեր են, որոնք գալիս են ապացուցելու Փաշինյանի ապաշնորհ գործողությունները Արցախյան կարգավորման հարցում:

Հ.Գ.

Ժողովուրդ, «Սերժի վախտ» Ադրբեջանի նախագահ Ալիեւը բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի օրոք Իմ քայլի պատգամավորը նշում է, թե Փաշինյանը դեմ չէ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Ահա եւ տարբերությունը Սերժի եւ Նիկոլի միջեւ: