Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը օրեր առաջ վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Ըստ տեղեկությունների՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքից ազատումը, հավանաբար, պայմանավորված է զենք մատակարարող ռուսական ORSIS ընկերության հետ տեղի ունեցած իրադարձություններով:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «ORSIS»-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նկատեց՝ աշխատակազմի ղեկավարին՝ նախարարության 4-րդ մարդուն, ուղղակի պաշտոնից չեն ազատում։
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը թեմային վերաբերող 2 ապօրինի հրաման է արձակել, որոնցում կոպիտ կեղծիքներ են արվել։ Այդ մասին բազմիցս բարձրաձայնել եմ և ասել, որ դրանք անհետևանք չեն մնալու։ Խոսքն այդ աստիճան ակնհայտ կեղծիքների մասին է»,- նշեց նա՝ բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքից ազատումը կապելով այս ամենի հետ։
Նա նշեց, որ իրեն հասած խոսակցությունների համաձայն՝ Գառնիկ Հայրապետյանին աշխատանքից ազատել են հենց այն պատճառաբանությամբ, թե վերջինս սխալ է կազմել հրամանը, և նախարարը մեղք չունի։
Ստացվում է՝ Գառնիկ Հայրապետյանին «գցել են», որ նախարարը «ջրից չոր դուրս գա»։
Հիշեցնենք՝ Հայաստանում քրեական գործ էր հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստի առթիվ։ Մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների մասին բացատրություն տալու։ Ավելին, վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ORSIS ընկերության ներկայացուցիչների միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին: Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից և իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին: