Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։
Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։
Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվեց նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ