Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը և հատուկ ներկայացուցչին խնդրել է Գլխավոր քարտուղարին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերի վերահաստատումը:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և նրան փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի բարեմաղթանքներն ու կրկին հանդիպելու պատրաստակամությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպման սկզբում կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության և միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած ներդրման համար, ընդգծելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Ջեյմս Ապատուրայը նշել է, որ Երևանից հեռանալու է այդ արդյունավետ համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Հանրապետության Նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը և բարեփոխումների կարևորությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականներն իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին և անվտանգության տեսանկյունից մարտահրավերներին: