ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին և այլ թեմաների։
-Վերջերս Հայաստանում էիք, որտեղ տարբեր հանդիպումներ ունեցաք։ Որո՞նք են քննարկված հիմնական հարցերը, ի՞նչ հետևություններ եք արել և առաջիկայում ի՞նչ սպասումներ կան։
-Այո, վերջերս Հայաստանում էի, հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ես նաև հնարավորություն ունեցա հանդիպել ուսանողների և կրտսեր դիվանագետների հետ, դասախոսություն կարդացի։ Ընդհանուր առմամբ, լավ այց էր, շատ էական։ Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը:
Մենք նաև լայնորեն խոսեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք մեր գործընկերների միջև կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով, ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կյայքում։