Գյումրիում տեղի ունեցած սպանությունը մարդկային սարսափելի ողբերգություն է, սակայն Հայաստանի իշխանությունները կարող են ճիշտ լուծում գտնել այդ դժվար իրավիճակում: Այս մասին Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը' խոսելով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ստեղծած նման իրավիճակներին լուծումներ տրվում, Ջեյմս Ապատուրայը նշեց, որ խելամիտ չի լինի այլ երկրներում նման դեպքեր փնտրելը: «Չէի ցանականա այլ երկրներից օրինակներ բերել, բայց կնշեմ երկու բան' նախ կատարվածը մարդկային սարսափելի ողբերգություն է, և երկրորդ' համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները ճիշտ լուծում կգտնեն այս դժվար իրավիճակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց նա:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Սպանության մեջ կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Պերմյակովն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հայկական և ռուսական քննչական մարմինների մասնակցությամբ անցկացվել է նախաքննություն: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: