ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամանել է Թբիլիսի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին լրագրողներին հայտնել է, որ Ապատուրայի այցը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 5-ը, եւ դրա շրջանակներում տեղի կունենա այն հնարավորությունների ու նոր պարտավորությունների հանգամանալի քննարկում, որոնք Վրաստանը ստանձնել է իրեն տրամադրված փաթեթի իրականացման գծով:
Այդ փաթեթի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է Վրաստանում բացել ՆԱՏՕ-ի վարժական կնետրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի ու նրա գործընկեր երկրների զինծառայողները:
Ապատուրայը առաջին հանդիպումը կանցկացնի Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Այցի ծրագրով բանակցություններ են նախատեսված Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաեւ խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության ներկայացուցիչների հետ, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: