Քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր խորհուրդը որոշում չի կայացրել գլխավոր քարտուղարի վերաբերյալ, Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Անդրադառնալով ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, Բալայանն ընդգծեց, որ այդ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,- նշեց նա:
ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ քննարկումների ու կոնսենսուսի միջոցով պարզ կլինի, թե ով, ինչպես ու ինչ ժամկետներում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Խաչատուրովին:
Բալայանն անդրադարձավ նաև Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի ու հնարավոր անձեռնմխելիություն ունենալու մասին հարցին՝ ասելով. «Դատավորը մեզ դիմել էր պարզելու՝ նա ունի անձեռնմխելիություն, թե ոչ: Ես այժմ չեմ կարող հրապարակել մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ դատավարական գաղտնիք կհրապարակեմ, թե ոչ: Կարող եմ ասել, որ պարոն Խաչատուրովի գործին կցված է մեր պատասխանը: Նրա անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրում: Կարծում եմ՝ դատավորը վճիռ կայացնելիս հաշվի է առել մեր պատասխանը»: