ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցի շուրջ տիրող անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ РИА Новости-ին տված հարցազրույցում:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձել է թափուր այն ժամանակ, երբ 2018 թվականին քրեական գործի պատճառով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր աշխատանքից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ կազմակերպության ղեկավարի պաշտոնը Խաչատուրովի փոխարեն պետք է զբաղեցնի Երեւանի մեկ այլ ներկայացուցիչը մինչեւ 2020 թվականը: Մինչդեռ, ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշվել էր, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում էր անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ ստորագրել ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ իր նշանակումը երկրների հետ համաձայնեցնելու համար Զասն արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Ընդ որում՝ Երեւանում հայտնել են, որ Զասի այցը Հայաստան չի ծրագրվում: Զասն ինքը նշել է, որ պատրաստ է երկրի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի՝ իր նշանակման վերաբերյալ:
«Այն, որ մեզ չի հաջողվում արագ նոր ղեկավար նշանակել, հավանաբար, ցավալի է կազմակերպության համար: Կանոնադրությամբ ենթադրվում է, որ գլխավոր քարտուղարին նշանակում են այս կամ այն տարվա հունվարի մեկին՝ երեք տարով: Կտեսնենք, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը հետագայում: Մենք այս իրավիճակից հեռուն գնացող հետևություններ չենք անի… այն մասին, թե ՀԱՊԿ անդամներից մեկը տարաձայնություններ ունի մյուս անդամների հետ, և որ չկա փոխըմբռնում», - ասել է դիվանագետը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ իրավիճակը պետք է կարգավորել հնարավորինս շուտ: