ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն ու փաստաթղթերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է նա:
Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել այդ պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: