Դեկտեմբերի 19-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:30-ի սահմանում Կարբի գյուղի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մայիլյանը իր վարած Lada 110 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին, երթևեկությունը կարգավորող ցուցանակին և մի քանի պտույտ գործելով՝ շրջվել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Նոր Կյանք գուղի բնակիչ, 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, Կարբի գյուղի բնակիչ, 49-ամյա Սեյրան Գասպարյանն ու Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Գենջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ու սահմանազատել տարածքը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին ու քննիչներին ասել է, որ Աշտարակից գնում էր Գյումրի, երբ մի մեծ բեռնատար, որի վրա կար 8 լույս, գցել է երեսին, և նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու չի էլ զգացել՝ ինչպես է եղել:
Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի մեղավոր վարորդը այնքան խմած է, որ հեռախոսով ոստիկանների մոտ փորձել է տպավորություն ստեղծել, թե ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է խոսում հեռախոսով. «Պարո՛ն Փաշինյան, ես մեղավոր չեմ, իմ դեմը հելավ գռուզավիկը, ձեզ տեղեկացնում եմ, որ ես չեմ փախել ու հիմա ստեղ եմ»:
Ոստիկանները հորդորին, թե մեքենայի զննություն է անհրաժաշտ կատարել, վարորդը պատասխանել է․ «Մի՛ խանգարեք, Փաշինյանի հետ եմ խոսում»: Հարցին՝ իսկ ի՞նչ ասաց Փաշինյանը, պատասխանել է․ «Լա՛վ եղեք, ինքը ձեզ կզանգահարի»: