Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ' ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով խրախուսելու մասին որոշում է ստորագրել։ Ըստ որոշման հավելվածի ՝ 100 տոկոսով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Վահե Էնֆիաջյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, փորձագետները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները։ Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ: Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:
Պարգևավճարների մեջ, իհարկե, որպես այդպիսին զազրելի որևէ բան չկա, սակայն կա մեկ բայց: Պարգևատրվածների ցանկում են ոչ միայն բավական ակտիվ պատգամավորները, այլ նաև նրանք, ովքեր 7-րդ գումարման ԱԺ-ում, ընդամենը, աթոռ են մաշացրել: Այսինքն' չունեն և ոչ մի ելույթ, հանդես չեն եկել և ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն պարգևատրվում են զուտ նրա համար, որ մեկ տարի առաջ քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ և դրանից հետո էլ պատգամավորական մանդատ են ստացել: Պետք է փաստել, որ դրանով վերջիններիս քաղաքական գործունեությունը ավարտվել է, քանի որ թերևս անգամ ընտրողները տեղյակ չեն, որ նման անձինք գոյություն ունեն հայրենի խորհրդարանում: Օրինակ՝ «Իմ քայլ»-ից պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, վերջինիս վիճակագրությունը հետևյալն է՝ կողմ՝ 291 , դեմ՝ 43 , ձեռնպահ՝ 9, չի քվեարկել՝12 , բացակա՝ 7 քվեարկությունների ընդհանուր թիվը՝ 362 և ընդ որում 0 ելույթ և 0 հարց: «Իմ քայլ»-ից մեկ այլ պատգամավորի անվան դիմաց նույնպես 0-ր են: Մաթևոս Ասատրյանը կողմ է քվեարկել 291 անգամ, բացակայել է՝ 23 անգամ, չի քվեարկել 6 անգամ, 0 ելույթ և 0 հարց: Իմ Քայլի պատգամավոր Մերի Գալստյանը կողմ է քվեարկել 196 անգամ, դեմ՝ 30, չի քվեարկել 14 անգամ, բացակայել է ՝ 122 անգամ, տվել է 4 հարց, ունեցել է 0 ելույթ: «Իմ քայլ»-ից Տաթևիկ Գասպարյանը կողմ է քվեարկել 159 անգամ, դեմ՝ 23, չի քվեարկել 41 անգամ, բացակայել է 135 անգամ, տվել է 1 հարց, ունեցել 0 ելույթ: «Իմ քայլ»-ից պատգամավոր Սեդրակ Թևոնյանը կողմ է քվեարկել 305 անգամ, չի քվեարկել 16 անգամ, բացակայել է 4 անգամ, տվել 0 հարց, ունեցել 0 ելույթ: «Իմ քայլ»-իցՎահե Ղալումյանը կողմ է քվեարկել 272 անգամ, չի քվեարկել 19 անգամ, բացակայել է 14 անգամ, տվել 0 հարց, ունեցել 0 ելույթ:
Իհարկե, պարգևատրվելը ինքնին պախարակելի երևույթ չէ, սակայն Նոր Հայաստանում ակնկալվում էր հայրենի երեսփոխանների շատ ավելի մեծ ու լուրջ ներգրավվածություն օրենսդիր մարմնի աշխատանքներին, որպեսզի չստեղծվեր տպավորություն, որ վերջիններս հների իներցիայով ընդամենը կոճակ սեղմելու սուրբ գործն են կատարում՝ առաջ տանելով հարազատ ֆրակցիային անհրաժեշտ նախաձեռնությունները և որոշումները…