Հանրային խորհուրդն ունի նոր նախագահ: Սակայն, Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ բոլոր անդամները չէ, որ համաձայն էին. եղան դժգոհություններ, անգամ ոմանք հեռացան ՀԽ-ից:

Նոր նախագահի նշանակման և հետագա աշխատանքների մասին  ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանի հետ:

«Ես Սաֆարյանի հետ ավելի ինտենսիվ եմ աշխատել, քան Մանուկյանի: Իմ և Սաֆարյանի հայացքները շատ հարցերի շուրջ արմատապես տարբերվում են, և ես օգտագործելու եմ առիթը՝ իմ կարծիքը Հանրային խորհրդում հնչեցնելու համար»,- նշեց նա:

Պեպանյանը չի բացառում, որ գուցե Հխ-ն լքի: Թեպետ, ըստ նրա, դա կախված է մի քանի գործոններից. «Կախված է՝ ՀԽ-ում իմ տեսանկյունից քանի առողջ, ինքնուրույն մտածող մարդ կա: Դա դեռ չեմ պարզել: Եթե բավարար թվով ինքնուրույն մտածող մարդիկ լինեն, ապա կարելի է մնալ, եթե պարզվի՝ ոչ, իմասատ չի ունենա այնտեղ ժամանակ վատնելը»: 

 

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր չէ արդյոք, որպեսզի ՀԽ անդամները ևս նախագահի ընտրությանը մասնակցություն ունենան՝ նա պատասխանեց. «Օրենքն է այդպես, չգիտեմ, գուցե հետո հնարավոր լինի փոխել, ու մենք էլ մասնակցություն ունենանք նախագահի ընտրությանը: Մենք մարդկանց տեսնում ենք աշխատանքի մեջ ու հենց դա պետք է հաշվի առնել: Հնարավոր է մի մարդ նշանակվի, որին դեմ են անդամների մեծ մասը ու այդ նշանակման  արդյունքում կառաջանա լարվածություն: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ինչ-որ բան փոփոխել: Բայց հիմա սա է օրենքը, ի՞նչ կարող ենք անել»: