«Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի անջատված մասը կվերաբացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ իր բողոքը բավարարվել է: Արդյունքում՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

«Իմ կարծիքով գործի ամբողջական բացահայտում՝ այն էլ 20 տարի հետո, հնարավոր չէ: Իրականում, եթե որևէ կարճված գործ է վերաբացվում, դա դեռ չի նշանակում, որ նպատակը գործը բացահայտելն է: Նման գործերը շատ դեպքերում այլ գործառույթներ ունեն»,-ընդգծեց նա:

Դանիելյանի խոսքով՝ այս տարբերակով նախ հնարավոր է հանրության ուշադրությունը շեղել. «Մարդիկ իրենց ուշադրությունը կշեղեն այս գործի վրա և չեն մտածի, թե կառավարությունն ինչ քաղաքականություն է վարում, ինչ որոշումներ է կայացնում: Ինֆորմացիոն դաշտում նման քայլերը ուշադրություն շեղելու համար են»:

 

Քաղաքագետն ընդգծեց, որ նման գործերի բացումով, բազմաթիվ մարդիկ տեռորի տակ են հայտնվում, հատկապես նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվել: 

«Նման գործերով յուրաքանչյուրին կարող են կանչել հարցաքննության, կարող են մեղադրանք առաջադրել, վկայի կարգավիճակ տալ, անձնագիրը վերցել, որպեսզի սահմանափակեն նրանց տեղաշարժը: Այսինքն, ըստ էության, մարդկանց տեռորի ենթարկելու նպատակ ունեն»,-շեշտեց նա:  

Մյուս կետը, ըստ Դանիելյանի, սևի ու սպիտակի տրամաբանության շարունակությունն է. «Առաջ են գալիս ներկաներ և անցյալներ: Իսկ նպատակը՝ անցյալների վրա ինչ-որ մեղադրաքներ դնել է, ցույց տալ, որ ներկաները ավելի լավն են: Այսինքն՝  հասարակական մտքի մանիպուլյացիայի է արվում»:

Նա ընդգծեց, որ գործի վերաբացման իմաստը ոչ թե գործի բացահայտումն է կամ արդարության վերականգնումը, այլ՝ իշխանություն պահելը:

«Վստահ եմ, որ հենց այս պատճառով է գործը վերաբացվել»,-խոսքն ամփոփելով՝ ասաց Դանիելյանը: