Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Ընդ որում, ուշագրավ է, որ մեղադրանքը Թովմասյանին առաջադրվում է անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Սարգսյանը ստորագրում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին չարաբաստիկ օրենքը:
 
Սա մի սցենար է, որը ավելի քան կանխատեսելի էր, սակայն, եթե արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պնդում է, որ Թովմասյանը կարող է կալանավորվել և այս հարցում չկա որևէ խոչընդոտ, ինքը՝ Թովմասյանը, հայտարարել է, որ իրեն ձերբակալելու համար անհրաժեշտ է ՍԴ համաձայնությունը: ՍԴ դատավորների կողմից հնչեցվող մեսիջները հուշում են, որ վերջիններս չեն պատրաստվում հանձնել Թովմասյանին, ավելին՝ չեն պատրաստվում նաև վաղ կենսաթոշակի անցնել, իսկ սա էականորեն դժվարեցնում է իշխանությունների գործը, քանի որ սպառում է անցանկալի ՍԴ-ից ազատվելու բոլոր իրավական ուղիները: Մյուս ճանապարհները որևէ լավ բան չեն խոստանում Փաշինյանի թիմին, քանի որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է միջազգային համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում, և դժվար թե նման մանիպուլյացիաները անհետևանք անցնեն: Իշխանությունները, իհարկե, կարող են անհրաժեշտության դեպքում հիշել դատավորների դեմ ունեցած կոմպրոմատները, սակայն դեռ հարց է՝ իսկ որքանո՞վ այդ ճանապարհը կլուծի ճգնաժամը և արդյո՞ք լուծելու փոխարեն էլ ավելի չի խորացնի այն:
 
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ինքը՝ Թովմասյանը, իշխանությունների այս գործողությունները անվանել է «գործարքի առաջարկ», համենայնդեպս, իր հայտարարություններից ակնահայտ է դառնում, որ այդ առաջարկը արվել է դեռևս վեց ամիս առաջ և մինչ օրս էլ ուժի մեջ է: Ի՞նչ գործարքի մասին է խոսքը, դժվար թե իշխանությունների ցանկությունները սահմանափակվեին միայն Թովմասյանի հրաժարականով: Կարելի է ենթադրել, որ Թովմասյանից փորձել են ցուցմունք կորզել այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, չի բացառվում անգամ, որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, չէ ո՞ր հենց Թովմասյանին էին իմքայլականները մեղադրում Սարգսյանի հագով սահմանադրություն կարելու և, ընդհանրապես, «սատանայի փաստաբան» լինելու մեջ: Գուցե՞ Թովմասյանը չի ցանկացել ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ և դրա համար է առաջին պլան եկել Սերգո Կարապետյանի ցուցմունքը, որը, առնվազն, ավելի նախընտրելի է, քան՝ ոչինչ…