Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր:
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրություն դարձնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշաններին և ավտոմատ ջերմաչափում կատարելով։
Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։
ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի դեպքում արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի դեպքում դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ։ Այդ անձանց մոտ ջերմության առկայության մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։