Կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերածում է բողոքի գրքի՝ հնչեցնելով իր դժգոհությունը՝ կապված այս կամ այն ոլորտում նախկինների մենաշնորհների հետ: Այսօր էլ վարչապետը հասել էր հեռուստաընկերություններին՝ հայտարարելով, որ դրանցից առնվազն երկուսի լոգոն պետք է փոխվի և փոխարենը գրվի կոռուպցիա: Զուգահեռաբար Աժ-ում քննարկում են ԶԼՄ-ի մասին օրենքում սպասվող փոփոխությունները և անչափ հավանական է, որ ԶԼՄ-ի լոգոները ոչ միայն փոխվեն, այլ վերջիններս, ընդհանրապես, փակվեն՝ հրաժեշտ տալով հեռուստաեթերին: Փաշինյանն ու իր թիմը շատ ակտիվ կերպով մենաշնորհ են փնտրում, գտնում են այն անգամ հեռուստագովազդի մեջ, սակայն, արդյո՞ք չի կարելի փնտրել այդ մենաշնորհը ոչ միայն հեռավոր հեռուներում՝ նախկինների մոտ, այլ նաև սեփական թիմում:
Օրինակ, Փաշինյանին չի՞ հետաքրքրում, թե «Նորֆոլք Քոնսալթինգ»-ի մենաշնորհին վերջ տալուց հետո, ո՞ր, իսկ որ ավելի կարևոր է՝ ո՞ւմ ընկերությունն է զբաղեցրել այդ մենաշնորհային դիրքը: Չի՞ հուզում, որ ՀԴՄ-ի գնման գործընթացում պետական մենաշնորհ է հաստատվել: Չի՞ հուզում, որ Երևանի քաղաքապետարանը, հրաժեշտ տալով «Սանիթեքին», փոխարենը աղբահանության ոլորտը չդարձրեց ավելի մրցակցային, ստեղծեց սեփական մենաշնորհը՝ ի դեմս հայտնի գրասենյակի: Տնտեսական մենաշնորհի մասին անգամ խոսելն է ավելորդ. Սամվել Ալեքսանյանի դիրքերը ամուր են, ավելի քան երբևէ և նա նույնիսկ նոր մենաշնորհների մասին է մտածում՝ չբավարարվելով եղածով: Այս ամենը, իհարկե, վրիպում է Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից՝ հասկանալի պատճառներով, «սեփական աչքում գերանը» ոչ մեկ չի ցանկանում նկատել, սակայն դա բնավ չի նշանակում, որ «գերանը» չկա:
Եթե կառավարությունը ցանկանում է պայքարել մենաշնորհի դեմ, ապա այդ պայքարը պետք է լինի օբյեկտիվ՝ առանց յուրայինների պատրոնաժի և ծածկադմփոցի, քանի որ հենց նման երևույթները մերժելու արդյունքում իրականություն դարձավ 2018-ի թավշյա հեղափոխությունը: Հեղափոխություն, որի նպատակներից մեկն էլ հռչակվել էր թալանչիների մենաշնորհների դեմ պայքարը, սակայն այդ մենաշնորհը, կարծես թե, փոխարինվել է նոր՝ թավշյա մենաշնորհով…