Սասուն Խաչատրյանի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեն գլխավորելուց անցել է շուրջ վեց ամսի: Մինչ քաղաքացիները սպասում էին այսպես կոչված' թալանի վերադարձի, կոմիտեն շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել հուժկու բացահայտման մասին: Պարզվում է' օր ու գիշեր, տքնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է բացահայտել 40 հոգու, ովքեր կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքներ են ստացել: Ինչ խոսք, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Սասուն Խաչատրյանի հագով Հակակոռուպցիոն կոմիտե էր ստեղծում, իսկ ստեղծումից հետո խոստանում մոտ ապագայում լուրջ բացահայտումներ՝ այս նորությունը այնքան էլ չի տպավորում: Մինչդեռ ընտրվելիս Խաչատրյանը բավական տպավորիչ խոստումներ էր տալիս, բացի այդ՝ նոր ձևավորված կոմիտեին պետական բյուջեից հատկացվել էր գրեթե 9 միլիարդ դրամ:
Այս ընթացքում կոմիտեն աչքի ընկավ միայն նոր լոգոյի շուրջ առաջացած աղմուկով, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ծաղրով, քանի որ քաղաքացիները, հատկապես սոցիալական կայքերում, իրավացիորեն ծաղրի ենթարկեցին բերանը բաց առյուծին և հարց հղեցին կոմիտեին, թե ուր են խոստացված հուժկու բացահայտումները: Խաչատրյանի հիմնարկն այն աստիճանի է պարապուրդի մատնված, որ կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում միայն թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ են, հարկային տեսուչներին կաշառք ստանալու վրա բռնելու մասին տեղեկություն, և երեք տարի առաջ բնապահպանության նախկին նախարարի Բուլկի Արամի՝ Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին Հ1-ի ռեպորտաժը: Ապօրինի գույքի բռնագանձումն էլ' որպես կանոն, տարածվում է ՊԵԿ և ԱԱԾ նախկին և միջին օղակի պաշտոնյաների վրա:
Կարող ենք արձանագրել, որ, ըստ էության, Սասուն Խաչատրյանի համար ստեղծված կառույցն իր գործունեության շուրջ վեց ամիսների ընթացքում որևէ լուրջ բացահայտմամբ աչքի չի ընկել, ավելին' այս կառույցը համառորեն չի նկատում ՔՊ-ական պաշտոնյաների կողմից պարբերաբար կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնվելը, ինչը վկայում է կառույցի կողմից որդեգրված երկակի ստանդարտների մասին: Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվել էին ներկայիս պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, պատգամավոր էդուարդ Աղաջանյանը, Արսեն Թորոսյանին և այլոց: