Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ նշանակվեց ոմն Հրայր Գեղամյան։ Մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ նրա մասին բաց աղբյուրներում տվյալներ առանձնապես չկան: Թերեւս դրա պատճառն այն է, որ ռազմական կցորդի, այսպես ասած, կուրացիան իրականացնում է պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վաչությունը, եւ հենց այս հիմնավորմամբ էլ ՊՆ-ից հրաժարվեցին մեզ տեղեկություններ հաղորդել նորանշանակ ռազմական կցորդի մասին։ Բայց եթե անձը կարեւոր դերակատարում է ստանձնել, արժե, որ հասարակությունն իմանա, թե ով է նա: Մենք տարբեր աղբյուրների եւ նյութերի ուսումնասիրությունից պարզեցինք, որ զինվորական Հրայր Գեղամյանն այն անձանց թվում է, որոնց մասին ժամանակին իր ասուլիսում խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, եւ այդ անձինք, ըստ նրա խոսքի, «2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը»:
2018թ․ սեպտեմբերին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համատեղ ասուլիս տվեցին' կապված գաղտնալսումների հայտնի դեպքի հետ, եւ «ուշագրավ բացահայտում արեցին»՝ հայտարարելով, թե ապացույցներ կան այն մասին, որ որոշ զինծառայողներ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը:
«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ասուլիսում հայտարարել էր Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաթղթերում նշված՝ որպես վարձատրություն տրամադրված գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից:
Ըստ այդ փաստաթղթերի՝ զինծառայողներին վճարվել է 50-հազարական դրամ, «ընդհանուր առմամբ' վճարվել է 180 միլիոն դրամ, որը եթե բաժանում ենք 50 հազարի, ապա ստացվում է, որ այդ օրերին 3 հազար 600 զինծառայող մասնակցել է «օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին»,- ասում էր Սասուն Խաչատրյանը: Ապա նա հենց ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանին փոխանցել էր քրգործում եղած մի բնօրինակ փաստաթուղթ, որը Վանեցյանն ուղիղ եթերում ցուցադրեց լրագրողներին։
Հրապարակված ցանկում է նաեւ X զորամասի ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ծառայող, կապիտան Հրայր Վահանի Գեղամյանի անունը, որը հենց ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ նշանակված անձն է։ Այսինքն՝ Սասուն Խաչատրյանի «սենսացիոն բացահայտումից» հետո Գեղամյանը ոչ միայն շարունակել է ՊՆ-ում աշխատել, այլեւ այս տարիներին պաշտոնի եւ կոչումի առաջխաղացում է ունեցել: 2018-ին հարկավոր էր հանրային ուշադրությունը շեղել գաղտնալսման ձայնագրությունից եւ որոշ զինվորականների պախարակելու միջոցով Մարտի 1-ի գործին նոր հնչեղություն տալ, արվել է, իսկ հետագայում գուցե պարզվել է, որ այս տեղեկատվությունը կեղծ է, կամ' այդ զինվորականները սկսել են համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ, եւ Գեղամյանը հայտնվել է կցորդի պաշտոնում։ Տրամաբանությունը հուշում է, որ Հրայր Գեղամյանը եւ ցուցակում ներառված մյուս զինվորականներն առնվազն պետք է ազատազրկվեին՝ Քրեական օրենսգրքի 147-րդ՝ «Վարձկանությունը» հոդվածով, որը ծանր մեղադրանք է, 6-12 տարի պատիժ նախատեսող, ինչը տեղի չի ունեցել:
Այդուհանդերձ, «Հրապարակը» պաշտոնական հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե. «Մարտի 1-ի վարձկանների» վերաբերյալ հարուցված քրեական գործն ի՞նչ ճակատագիր է ունեցել, հրապարակված զինվորականների ցանկից ո՞ւմ մեղավորությունն է ապացուցվել, ի՞նչ ընթացք է ստացել Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, արդյո՞ք Հրայր Վահանի Գեղամյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/95d968345d0a8c02c8f89d86d82ac94e
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»