«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։
Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչեւ հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։
Հիշեցնենք՝ ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։ Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, եւ այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։
Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»։