Սասուն Խաչատրյանի գլխավորած Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել հուժկու բացահայտման մասին: Պարզվում է, օր ու գիշեր, տքնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է բացահայտել 40 հոգու, ովքեր կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքներ են ստացել: Ինչ խոսք, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Սասուն Խաչատրյանի հագով Հակակոռուպցիոն կոմիտե էր ստեղծում, իսկ ստեղծումից հետո խոստանում մոտ ապագայում լուրջ բացահայտումներ՝ այս նորությունը այնքան էլ չի տպավորում: Մինչդեռ ընտրվելիս Խաչատրյանը բավական տպավորիչ խոստումներ էր տալիս:
Մոտ ապագան, ինչպես երևում է, դեռ սարերի հետևում է, համենայնդեպս որևէ լուրջ բացայահայտում ոչ ներկա, ոչ էլ նախկին պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ չի եղել: Խաչատրյանի հիմնարկն այն աստիճանի է պարապուրդի մատնված, որ կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում միայն թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ են, հարկային տեսուչներին կաշառք ստանալու վրա բռնելու մասին տեղեկություն, և երեք տարի առաջ բնապահպանության նախկին նախարարի Բուլկի Արամի՝ Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին Հ1-ի ռեպորտաժը: Իսկ թե ինչու Հարությունյանի գործը դեռ դատարան չի հասել՝ դժվար է ասել: Նշենք, որ որպես ՀՔԾ պետ Խաչատրյանը արդյունավետ աշխատանքով աչքի չընկավ, բոլոր քիչ թե շատ աղմկոտ քրեական գործերը մեկը մյուսի հետևից քանդվեցին: Թերևս հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելով և դրա ղեկավարի պաշտոնին Խաչատրյանին նշանակելով` Փաշինյանը մեծ սպասելիքներ ուներ, սակայն, դրանց էլ, կարծես թե, վիճակված չէ արդարանալ: