Այսօր Վանաձորում, ըստ էության, տապալվեց ավագանու արտահերթ առաջին նիստը. քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ անձի ներկայություն: Սա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախագահությամբ ավագանու արտահերթ առաջին նիստն էր: Օրակարգում ընդգրկված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը:
Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։ Սրա հետևանքով Վանաձորում քաոսային իրավիճակ է ստեղծվել, փաստացի, համայնքը տևական ժամանակ ղեկավար չուներ, քանի որ համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով համայնքի ղեկավար էր ընտրվել, կալանավորված է։ Ավագանին էլ չէր կարողանում իր աշխատանքը կատարել:
Իշխող ՔՊ խմբակցությունը, իբրև խնդրի լուծում, արտահերթ նիստով փոփոխություններ կատարեց ՏԻՄ մասին օրենքով, որով վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն տրվեց, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար: Բայց, ինչպես երևում է, հայտնի Ակկան էլ իր կապերով չի կարողանում օգնել ՔՊ-ին: Մինչդեռ Փաշինյանի և ՔՊ-ի ստավկան հենց դրա վրա էր, որ վերջինս իր կիսաքրեական կապերով, ռեսուրսներով կօգնի համայնքը իրենցով անելու գործում, այն էլ Փելեշյանը տապալեց առաջին իսկ քննությունը. նիստը չի կայացել, իսկ բյուջեն մնում է օդից կախված:
Անշուշտ, որքան էլ որ զավեշտալի չհնչի, սակայն այս իրավիճակում ակնհայտորեն փառավորվում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հոգին, քանի որ վերջինս էր հենց Վանաձորում ՔՊ քաղաքապետի թեկնածուն, սակայն ընտրություններում պարտվելուց հետո Փաշինյանը նրան այլևս չվստահեց և նախընտրեց Փելեշյանին: Այժմ, երբ Փելեշյանը չի արդարացնում Փաշինյանի հույսերը, մարզպետը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից...