Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը որոշել է խփել իր թիմակիցների ռեկորդները, սակայն, ոչ թե բեղուն աշխատանքով, այլ այն սկանդալների առատությամբ, որոնց կենտրոնում հայտնվում է ՔՊ-ական պաշտոնյան' նշանակվելուց հետո:
Նոր էր մարզպետը ստանձնել պաշտոնը, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին: Դա դուր չի եկել Խաչատրյանին, ով էլ որոշել է նման հրաման արձակել: Եղոյանը իր հերթին դատի է տվել մարզպետին:
Հաջորդ սկանդալը, որի կիզակետում հասցրել է այս կարճ ժամանակահատվածում հայտնվել մարզպետը, կապված էր Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան երթին անձնուրացաբար մարդ հավաքելու հետ: Այն, որ Լոռու մարզում գործի են դրվել լուրջ վարչական ռեսուրսներ և լծակներ, բազմաթիվ գրառումներ են ապացուցում, սակայն ինքը' մարզպետը, համարում է, որ ընդամենը մարդկանց հորդորել է մասնակցել այդ երթին: Ի դեպ, վարչական լծակների գործարկումը նույնպես քրեորեն պատժելի արարք է:
Այս ամիսների ընթացքում մարզպետը նաև կարևորագույն խնդիր է լուծել՝ ամեն կերպ փորձել է ցրել իր կնոջ դեմ հարուցված քրեական գործի մասին խոսակցությունները: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև նորանշանակ մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Ամենից հետաքրքրականը, սակայն, այստեղ այն փաստն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ի պաշտոնե Լոռու մարզպետն է, այս դեպքում արդեն Արամ Խաչատրյանը, որին, ստացվում է՝ հաշվետու է հայրը: Ակնհայտ է շահերի բախումը։
Երեկ էլ պարզ դարձավ, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընտրություններից հետո իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին և պահանջել հրաժարականի դիմում գրել: Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Մինչ այս վստահորեն կարող էին պնդել, որ նախկին և ներկա ՔՊ-ական մարզպետներից ամենաշատը սկանդալների կիզակետում հայտնվում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, սակայն, վերջին շրջանում նրա ռեկորդները խփում է հենց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ուշագրավն էլ այն է, որ ինչպես և Գարիկ Սարգսյանը, Խաչատրյանը այսքան հակաօրինական արարքներից հետո որևէ պատժի չի արժանացել: