Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում Փաշինյանը, կարծես թե, ներեց Վանաձորում իշխանությունը կորցնելու համար, լծվել է իրավիճակը շտկելուն: Մարզպետն, անշուշտ, մտահոգված է ոչ այնքան թիմի, որքան իր իշխանությունը պահպանելով, քանի որ եթե չհաջողվի «Մամիկոն Ասլանյան» դաշինքից խլել իշխանությունն, ապա ակնհայտ է, որ այս անգամ Փաշինյանը Խաչատրյանին չի ներելու և նրան սպասելու է մյուս ազատված մարզպետների ճակատագիրը:
Նման սցենարից խուսափելու համար Լոռու մարզպետը գործի է դրել ողջ զինանոցը: Չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։
Ըստ մամուլի՝ այդ սցենարը իշխանությանը ձեռնտու է այնքանով, որ մանդատները դնելուց հետո ՔՊ-ականներն ամենատարբեր պատրվակներով ու օրենսդրական մտացածին դրույթներով կարող են ձգձգել նոր ընտրությունների կազմակերպումը, ու գործադիրը քաղաքապետի պարտականությունները կատարողի կնշանակի: Իշխանություններին, փաստորեն, ձեռնտու է անգամ ԺՊ-ի տարբերակը, միայն թե հանրապետության երրորդ քաղաքի կառավարումը ձեռքներից չգցեն։
Դրան զուգահեռ չեն դադարում ճնշումներն ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների դեմ: Դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, և դրանով փորձ է արվում քաղաքը պահել առանց քաղաքապետ' ստեղծելով կառավարման ճգնաժամ: քաղաքապետարանի ևս երկու աշխատակիցների բերման էին ենթարկել և թվում էր, որ Ասլանյանի ընտրվելն այլևս անհնար է: Բանն այն է, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Վանաձորում ստացել է 49 տոկոս ձայն եւ բանակցություններ էին ընթանում «Հայրենիք» կուսակցության հետ, որը մոտ 5 տոկոս ձայն էր ստացել: Այս ընթացքում անասելի ճնշումներ են գործադրվել եւ՛ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, եւ՛ նրանց Վանաձորի թեկնածուի' Վահե Դոխոյանի նկատմամբ, որ այս միավորումը տեղի չունենա: Բայց չի ստացվել: Փոխարենը' ամեն ինչ արել են, որպեսզի ավագանի անցած մյուս ուժերը' Արկադի Փելեշյանը' Ական, եւ «Լուսավոր Հայաստան»-ը միանան ՔՊ-ին, եւ Արամ Խաչատրյանը դառնա քաղաքապետ: Թվում էր' Մամիկոն Ասլանյանի հետ աշխատած Ական, որը հեղինակություն է Վանաձորում, չպետք է ենթարկվեր ճնշումներին, իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» պետք է ձեռնպահ մնար ՔՊ-ի հետ միավորվելուց, քանի որ իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն, պարզվում է' ոչ: «Լուսավոր Հայաստանը» դիմել էր դատարան' ժամանակ շահել, որպեսզի իշխանությունն Ասլանյանին հետապնդելու ձեւական պրոցեդուրան հասցնի իրականացնել և կորզել համայնքապետի աթոռը:
Ակնհայտ է, որ Արամ Խաչատրյանն օգտագործում է Փաշինյանի աչքերում ռեաբիլիտացվելու թերևս վերջին հնարավորությունը, հակառակ դեպքում' ավելի քան հավանական է, որ Լոռու մարզն' ի թիվս մի շարք այլ մարզերի, նոր մարզպետ ունենա: